ՊՈԵՄ

Երբեմն ինձ թվում է, թե՝

                               ուր որ է,

երբեմն ինձ թվում է, թե՝

                                   հեսա-հեսա,

երբեմն ինձ թվում է, թե՝

                         արդեն,

երբեմն՝ ինձ …

                                   ԹՎՈ¯ՒՄ Է…

16. 05. 2012

Posted in Գրական, Uncategorized | Leave a comment

Դե, քեզ տեսնեմ, ՄԵսրոպ տղա…

Ե՞րբ եմ վերջին անգամ նոթագրել, չեմ հիշում արդեն (չես հիշում՝ նայիր նոթագրքումդ վերջին գրառման օրը… :ՃՃՃ ): Խրված հազարումի հոգսի մեջ՝ մոռացել եմ, որ նոթագիրք ունեմ, որ ընթերցող ունեմ, որ գրածներիս սպասողներ ունեմ, թեկուզ եւ՝ քիչ, բայց ունեմ… Ու մենակ նոթագիրք չի, որ ունեմ, գրքեր ունեմ՝ կիսատ, պատմվածքներ ունեմ՝ կիսատ ու չսկսած, վիպակ ունեմ՝ կիսատ…

Լավ,  ուրեմն էսպես՝ չխոստանամ, բայց ինքս ինձ վրա պարտք դնեմ.

- Մեսրոպ տղա, մայիսը գլորիր, հունիսը գլորիր, հուլիսի ու օգոստոսի ճռճռան շոգերից (իմ ամենասիրած շոգերից, երբ շուն ու մարդ կամ մարդ ու շուն լեզուները կախ են գցում, իսկ իմ հեչ պետքս չի) սկսում ես… Չէ, մենակ նոթագրություն չի, գիրքդ, գրքերդ, գործերդ…

Այ սենց, հրապարակային ինքդ քեզ վրա պարտք դիր, որ հիշեցնող լինի, պարտավորությունդ աչքդ խոթող լինի, ու չկարողանաս պատասխան տալ, եթե հանկարծ չաշխատես…

Դե, քեզ (այսինքն՝ ինձ) տեսնեմ…

Posted in Uncategorized | Leave a comment

Նախադասություն, որ կկարդան միլիոնավոր մարդիկ

Սովետական «Իզվեստիա» հայտնի լրագրի մի ոչ պակաս հայտնի թղթակից, հերթական «լետուչկայի» ժամանակ, բարկանալով նորաթուխ գլխավոր խմբագրի (բնականաբար նոմենկլատուրային) «գրեք այնպես, որ մարդիկ ագահաբար կարդան» անհասականալի հրահանգից, ասել է.  «Ես կարող եմ գրել ահա այսպիսի նախադասություն՝”Министр просвешения СССР  ….ов – полное дерьмо!” եւ համոզված եղեք, որ այն հետաքրքրությամբ կկարդա 100 միլիոն մարդ»:

Հիմա էլ կան բառեր ու արտահայտություններ, որ հենց հայտնվեն գրածիդ մեջ՝ լիքը ընթերցող կունենան միանգամից: Այս թեզը հաստատելուն էր միտված նաեւ փետրվարի 25-ին իմ նոթագրքի «Անժելա Սարգսյան. պոռնոգրաֆիկ լուսանկարների՞, թե՞ հասարակության հետաքրքրասիրության ֆենոմենը» փոքրիկ էքսպերիմենտալ նոթը…

Անցել է համարյա երկու ամիս: Կարելի է ասել, որ էքսպերիմենտս կայացավ: Այդ նոթը, որ այնքան կապ ունի Անժելայի եւ պոռնոգրաֆիայի հետ, որքան ես քիմիայի, արդեն ունեցել է 400-ից ավելի այցելու, կարդացված նյութերի թվում 4-րդն է, եւ ամեն օր այն դիտողների թիվն ավելանում է՝ ի հաշիվ «Անժելա», «Պոռնո» եւ նման այլ բառերով փնտրում իրականանողների, որոնք հայտնվում են նաեւ իմ կայքում…

Ահա այդպիսի արդյունք:

… Ես կարող եմ գրել մեն-մի նախադասություն, որ  այսօրվա հնարավորությունների պայմաններում, հավատացած եղեք, 100 հազար մարդ, հաստատ, կկարդա: Այդ նախադասության մեջ կլինեն բառեր, որոնք  գռեհիկ կթվան, բայց հենց այդ բառերն էլ կմղեն կարդալու եւ ասելու. «ինչ համարձակ ես է» …

… Բայց արժե՞ միայն հանուն դրա գրել այդ նախադասությունը:

Ես ավելի լավ է գրեմ վիպակներս ու պատմվածքներս, որ կկարդա առավելագույնը 3000 մարդ, ոչ ավելի: Բայց այդ 3000-ը կլինի ինձ եւ ոչ թե Անժելային կամ ՊՈՌՆՈ-յին փնտրողը:

Posted in Uncategorized | Leave a comment

16-ից 3-ը… դեռեւս երեքը…

Մի քանի օր առաջ անցյալ տարվա շրջանավարտներիցս եւս մեկը մտավ լրագրության ոլորտ: Արդեն երեք հոգի՝ 16 ավարտածներից (թող նույն կուրսի երկրորդ խմբի էրեխեքը չնեղանան. իրենց մեջ տաղանդավորներն ավելի շատ էին, բայց ես իմ վարպետության խմբին եմ միայն անդրադառնում) ժուռնալիստիկայով է զբաղվում:

Սա՝ 16-ից 3-ը,  ուսուցչի համար լավ արդյունք է, կարծում եմ: Եթե մեկ կամ երկու հոգի էլ հետեւի այդ երեքին, ապա այդ՝ սիրելի խմբիս (տեսնես չսիրելի խումբ ունեցե՞լ եմ) հետ ջանքերս լիուլի արդարացված կլինեն:

Ժամանակը ցույց կտա… Սպասեմ…

Posted in Uncategorized | Leave a comment

Սիրելի, սիրելի, սիրելի տիկնայք…

Շնորհավորում եմ բոլորիդ: Էս մի տոնն էս տարի այլ խորհուրդ ունի:

Հիմա ասեմ, թե ինչ.

…Վաղվանից ձեզ համար ծանր միամսյակ է սկսվում. տղամարդ հասարակության մեծամասնությունը ֆուտբոլին զուգահեռ ողջ օրը ընտրություններից է խոսելու… Պատկերացրի՞ք հեռանկարը…

Դե, իհրակե, կին հասարակությունն էլ անմասն չի մնա դրանից, բայց տղամարդիկ կանանց զահլեն ավելի շատ կտանեն…

Ուստի ցանկամ,  սիրելի կանայք,  որ էս մի օրը, ընտրարշավին նախորդող ու պատահաբար տոնին համընկած էս օրը, անընտրարշավ մաղթանքներ ստանաք ու խոստումները չհնչեն իբրեւ ընտրակաշառք:

Սիրելի. սիրելի, սիրելի տիկնայք դուք էլ հավատաք մաղթանքներին ու խոստումներին՝ ոչ թե փոխվելու, այլ միշտ էդպես գեղեցիկ ու սիրելի մնալու համար…

Posted in Uncategorized | Leave a comment

Միամիտ փորձագետի երկու խորհուրդ

Հրապարակվել է ապրիլի 6-ին, «Ինտերնյուսի» Media.am կայքում՝   http://media.am/elections-monitoring-law

Ես միամիտ մարդ եմ՝ հավատացել եմ, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) իսկապես հեռուստատեսությամբ առաջիկա ընտրությունների լուսաբանման մանրամասն մշտադիտարկում (մոնիտորինգ) է իրականացնելու եւ իսկապես պատժելու է այն հեռարձակողներին, որոնք կխախտեն ընտրարշավների լուսաբանման օրենքով նախատեսված դրույթները: Եվ որպեսզի մեր հեռուստաընկերությունները, որոնց շատ հարգում ու սիրում եմ, (մանավանդ հանրայինի հանդեպ քնքուշ զգացմունքներ եմ տածում) խուսափեն ՀՌԱՀ-ի պատիժներից, որոշեցի բոլորին հիշեցնել մի երկու օրենսդրական պահանջ եւ խորհուրդ տալ հետեւել դրանց:

Առաջինն ու ամենակարեւորը՝ ընտրությունների անաչառ լուսաբանման պահանջն է, որ առկա է եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, եւ Ընտրական օրենսգրքում: Ահա՝ Continue reading

Posted in Uncategorized | Leave a comment

Ստախոսը

Նա, ասում են,  ամբողջ կյանքում էլ ստախոս է եղել: Ինքս էլ ոչ այնքան վաղուց համոզվել եմ դրանում: Ցանկացողների համար կարող եմ թվարկել իմ իմացածը նրա ստերից…

Եվ, բնական է, որ նման ստախոսը իսկը հարմար կադր է միշտ (եւ մանավանդ ընտրարշավի ընթացքում)՝ իշխանությունների ցանկացած ապատեղեկատվությունը տարածելու համար.  չէ՞ որ այդ ստախոսը խղճի խայթի պրոբլեմ չունի. ստախոսությունը նրա էությունն է.  մի սուտ ավել. մի սուտ պակաս՝ ի՞նչ նշանակություն ունի, կտարածի էլի, մանավանդ, որ առաջ ստում էր հենց այնպես, իսկ հիմա սուտը տարածելու համար լիուլի վարձատրվում է իշխանական կերակրատաշտից…

Ընդ որում, արդեն երեք դեպք գիտեմ, որ ստերը տարածելուց հետո  անգամ հերքում կամ պատասխան հրապարկելուց է հրաժարվում, այսինքն՝ լրագրության տարրական էթիկայից էլ է զուրկ… Իսկ եթե դատի տաս, կպոռա. «հասեք, մեզ ճնշում են…»:

Այդ ստախոսն, իհարկե, արժանի չէ մեր ուշադրությանը, բայց գոնե այսքանը երբեւէ պիտի ասվեր: Եվ արժանի չէ, որ իր անունը նշվի իմ նոթագրքում. հասկացողները հասկացան, թե իրեն թերթի ու կայքի գլխավոր խմբագիր համարող որ ստահակի մասին է խոսքը…

Աստված նրան առողջություն տա: Թեպետ … առողջ, թե հիվանդ՝ ստախոսը, միեւնույն է, ստախոս է մնում…

Posted in Uncategorized | 1 Comment