Վաչե Եփրեմյան. Գրականություն ըստ Մեսրոպի

Այսօր տեղադրում եմ  գրականագետ, բանասիրության դոկտոր Վաչե Եփրեմյանի հոդվածը իմ «Եռանկյան չորրորդ անկյունը» գրքի առիթով կամ մասին կամ ոնց կուզեք: Հոդվածը հրապարակվել է այն ժամանակ Լիզա Ճաղարյանի խմբագրած «Ժամանակ Երեւան» թերթի 2006 թվականի նոյեմբերի 8-ի եւ 9-ի համարներում, իսկ հետագայում Վաչիկն այն ներառել է նաեւ իր «Չգրված գրքի ծանոթագրություններ» գրքում (Երեւան-2008):

***

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ

Գրականություն ըստ Մեսրոպի

Արձակագիր Մեսրոպ Հարությունյանն իր «Եռանկյան չորրորդ անկյունը» (2003թ.) բնութագրում է իբրեւ «մինչ այժմ անհայտ ու դեռեւս անորոշ ժանրի բանավիճային ստեղծագործություն»:

«Եռանկյան չորրորդ անկյունը» յուրատեսակ գրական կամ անհատական «բանահյուսության» նմուշ է. ստեղծագործության բուն տեքստին հաջորդում են «սպիտակ տարածություններ», որոնք կարող են լցվել ընթերցողի ուղղակի գրառումներով: Ընթերցողը, որն այստեսակ շարունակության մեջ ընկալվում է հնարավոր համահեղինակի իմաստով ու կարգավիճակով, փաստորեն կարող է ստեղծել «Եռանկյան» սեփական տարբերակը: Հնարավոր համահեղինակների գրառած (բանահյուսական ասացողն այստեղ փոխարինվում է գրառողի կերպարով) զուգահեռ տեքստերի առկայությամբ առժամանակ «անհայտ-անորոշ» է դառնում ոչ միայն «Եռանկյան» բնագիրը, այլեւ հեղինակն ինքը: Միակ ու վերջնական Հեղինակ-Անունը դեռեւս չի ընկալվում, քանի որ հեղինակն առայժմ հնարավոր համահեղինակներից մեկն է՝ թող որ առաջին գրառողն ինքը լինի, միեւնույն է, տեքստը դեռեւս չի ավարտված, դեռեւս ամբողջական ձեւիմաստի մեջ չէ:

Սակայն չի բացառվում, որ այս ստեղծագործությունն ամեն պահի կարող է հասնել վերջակետին. չէ՞ որ գրառումներն անսահման չեն, իսկ ընթերցման շնորհն էլ բոլորին չի տրված: Ստեղծագործությունը կավարտվի այն պահին, երբ գրառողներից մեկը կվերծանի Եռանկյան Չորրորդ Անկյուն ծածկագիրը: Իմ գրառման մեջ Եռանկյունը նշանակում է տեքստ-տարբերակ-համահեղինակ՝ արտաքին անկյունների համակարգի եւ իրականություն-ընթերցում-գրականություն՝ ներքին անկյունների համակարգի միատեղում, իսկ Չորրորդ Անկյունը Իրական Հեղինակն է կամ Միակ Բնագիրը: Ուրեմն՝ երբ գրառված կլինեն հնարավոր բոլոր համահեղինակների տարբերակները, եւ վերջնական տեսքի կբերվի ստեղծագործության «համահավաք պատումը», այլ կերպ՝ երբ գտնվի Եռանկյան Չորրորդ Անկյունը, այդժամ հայտնի կդառնա այս աննախադեպ «բանագողության» Հեղինակի Անունը, եւ որոշ ժամանակ եռանդուն գրառումներ անող բոլոր համահեղինակներին մոռացության գետը կքշի-կտանի, ինչպես, իբրեւ կանոն, լինում է անանուն ամեն ինչի հետ: Կարծում եմ՝ միայն այս կարգի սահմաններում է արդարացվում «Հանճարեղ գործ եմ գրել» հեղինակային ինքնագիտակցումը, հակառակ դեպքերում՝ սա կարող է ընթերցվել ինքնահեգնանքի կամ էլ գրականությանը դուելի հրավիրող «ձեռնոցի» նշանակություններով…

Վերադառնանք «անհայտ-անորոշ ժանր» առեղծվածին եւ փորձենք որոշակիացնել Մ. Հարությունյանի ստեղծագործության ժանրային պատկանելությունը: «Անհայտ-անորոշ» անվանումն ինքն է թելադրում խաղի կանոնները, այնպես որ՝ վերծանման բանալիների դերը, ուզենք-չուզենք, վերապահելու ենք տարբերակներին ու ենթադրություններին: Չմոռանանք՝ Անհայտ-Անորոշն Անվանելու փորձերը միշտ էլ ձախողվում են:

Տարբերակ առաջին.- «Եռանկյան չորրորդ անկյունը» Բաց Արձակ է՝ վերջին բառի անսահման, անեզր, ազատ նշանակությունների նկատառումով: «Մի հիվանդության պատմություն» նախաբանում արձանագրված է, որ հեղինակը Խելագար է կամ Հանճար, ինչն, ըստ էության, նույն բանն է: Խելագարի գրառումները իրապես չեն կարող շրջանակվել կամ սեղմվել որեւէ ժանրային զսպաշապիկի մեջ: Հետեւաբար այս դեպքում Բաց Արձակը ստույգ տարբերակում է:

Հեղինակի Խելագար լինելու գրափաստով պայմանավորված «Եռանկյան…» կառուցվածքային առանձնահատկություններն ու գեղարվեստական խնդրառությունը մղում են տիպաբանական զուգահեռների ու մշակութային արձագանքների շարք ենթադրում: Մ. Հարությունյանի ստեղծագործությունը «Խելագարի հիշատակարանի» կամ «Ընդհատակում արված գրառումների» տարբերակ է՝ անշուշտ, գրամշակութաբանական արժեքայնության այլ ցուցիչով ու իմացաբանական ընդգրկումների այլ վեկտորով:

Կարող ենք շրջանառել ավելի մասնավոր անվանումներ: Ասենք՝ գեղարվեստական օրագրություն կամ լուսանցքում արված գրառումներ: Ամեն դեպքում նկատելի է «միջանկյալ ժանրի» ներկայությունը:

Տարբերակ երկրորդ.- «Եռանկյան չորրորդ անկյունը» «ժուռնալիստական արձակի» շրջանագծում է: Պատումի թեթեւություն («պատմվածքն ինքն իրեն է պատմվածք դառնում, ես միայն գրի առնողն եմ»), առանձին դրվագների թվացյալ անավարտություն, կերպարների բացակայություն («սպանված են կերպարները» եւ «իմը շտրիխն է»). – այս եւ չթվարկված այլ իրողություններ Մ. Հարությունյանի արձակը տեղավորում են դովլաթովյան գրականության տիպակարգում (ամերիկյան «ժուռնալիստական արձակին» բնորոշ է անկարեւոր ու անպարտադիր մանրամասների խտությունը):

Տարբերակ երրորդ.- «Եռանկյան չորրորդ անկյունը» իր կառուցվածքով եւ բնույթով կարող է ընկալվել իբրեւ չգրված գրքի ծանոթագրություններ: Էջի տարածքում տեքստն «անավարտ» է (պարբերություններ, միջանկյալ պարբերություններ, պատկերներ, երկխոսություններ, մտատանջություն եւ այլն), կամ պարզապես բացակա է (51 էջի 26-րդ պարբերությունը): Երկու մեկնաբանություն կարելի է անել. կամ արգելված է գրառել բուն տեքստը, եւ գրականության տեքստն ու արժեքները վտարված են լուսանցքի կամ ծանոթագրությունների տարածք (իսկական արժեքներն այսուհետ այստեղ են ստեղծվելու), կամ էլ էջը իրականության տեքստի վայրն է, ընթերցողն այս կամ այն չափով ծանոթ է այդ տեքստին, ապրում է նրա մեջ, եւ բնականաբար կրկնելու, արտապատկերելու հարկ չկա, իսկ գրականության վայրը իրոք լուսանցքն է ու ծանոթագրությունների տարածքը: Չէ՞ որ գրականությունն ի վերջո մարդկային ժամանակի ու տարածության անվերջ ծանոթագրություն է…

Անանուն ընթերցողը կարող է մնալ էջի տարածքում, շարունակել կամ լրացնել ծանոթ իրականության՝ «Եռանկյան» սահմաններում «թաքնված տեքստը»՝ նպաստելով անհեղինակ իրականության հակաուտոպիայի ծավալմանը, որին զուգահեռ անընդհատ ծանոթագրվելու է հեղինակային-գրական ուտոպիան…

Չգրված կամ միտումնավոր չգրվող գրքի ծանոթագրություններ, քանի որ իրականությունն այլեւս արժանի չէ ամբողջական գրականություն դառնալուն, իսկ գրականությանն էլ վայել չէ իջնել Աղբանոցի ու Ճահճի ստորին տիրույթներ: Սապոգի ու Տրեխի «գեղագիտությունը» այլ չափանիշեր է պարտադրում. «Գրողներն ու պոետները… չինովնիկանում են՝ պալատական ծաղրածու կամ ընդդիմական ողբերգակ են դառնում», գերիշխում է «միջակության արհեստական ընտրության» սկզբունքը, բնական սահմանները նահանջում են («Նեղ անցում: Նեղ փողոց: Նեղ քաղաք: Նեղ աշխարհ: Նեղ մոլորակ: Նեղ տիեզերք»), եւ դրսաշխարհում հապաղած, Լուսանցք չտեղափոխված գրականությունը մեռնում է. «Հին գրախանութը անընդհատ կուչ էր գալիս ու սեղմվում-նեղանում: Ու մի օր էլ ռեստորանի ու խաղատան պատերը կպան իրար: Գրախանութը մեռավ»:

Իսկական գրականությունն, ի վերջո, ուտոպիա է, եւ նման հայացքը պիտի որ նետվի կողքից՝ Լուսանցքից՝ առարկայանալով «նեղ», խիտ գրառման տեսքով (Ծանոթագրություններ):

Այս ամենի նկատառումով կարծում եմ՝ «Չորս պարբերություն՝ «Հանդերձարան» շարքից» հատվածը լրագրային այլաբանությունից ավելի բարձր արժեկարգ չի տեղափոխվում, իբրեւ գրականություն՝ չափազանց արհեստական է եւ «Եռանկյան» կառուցվածքում՝ ավելորդ: 34-37 պարբերություններն ամբողջությամբ «սպիտակ տարածություն» պիտի լինեին՝ հայտնի անեկդոտի դատարկ թռուցիկների նմանությամբ. բոլորն էլ գիտեն՝ ինչ պիտի գրվեր…

Տարբերակ չորրորդ. Արձակագիր Մ. Հարությունյանը մշակութաբանական ներվիճակին զուգահեռում է Հետհեղափոխության իրականությունը: Պատմական իրականության մեջ Հետհեղափոխությունը, իբրեւ կանոն, սպանում է հեղափոխական կերպարներին՝ գործողության մարդկանց, եւ այլակերպում մեկնարկային գաղափարներն ու արժեքները: Մշակութային շրջագծում հակահեղափոխությունը «վտարում» է «մտավոր հեղափոխականներին»՝ Արարքի մարդկանց (Չարենց, Սեւակ, Մաթեւոսյան)՝ անտեսելով եւ չշարունակելով նրանց բանաձեւած գաղափարներն ու առաջարկած արժեքները: Այս կետում՝ գործողության առումով, հակամշակութային պատմությունը եւ քիչ թե շատ մշակութային «մտավոր հակահեղափոխությունը» նույնանում են, եւ վերջինս «ինքնանվանվում» է ու բացահայտվում – «ամուլ միակերպություն»՝ կասեր Թ. Խաչատրյանը:

Պատմության Հետհեղափոխության ու «մշակութային» Հակահեղափոխության եզրագծերն իրար մոտեցնող կպչուն-դոնդող միջանկյալ տարածքում կամ, որ ավելի ստույգ է, հակամշակութային անդունդում ամեն ինչ մակերեսային է ու մոտավոր, մարդն ու անունը պայմանական կապի մեջ են, ինչպես թատրոնում է լինում. Վահրամը Լիր արքան է: Հակամշակութային անդունդը յուրահատուկ թատերականացումների միջավայրն է: Թատերականացվող-բեմադրվող իրականության մեջ լսելին ու ընդունելին դերակատարի կամ պայմանական անվան («պալատական ծաղրածուի եւ ընդդիմական ողբերգակի») չանհատականացվող խոսքն է: Մարդու նոր կերպարի հիմքում Աբիսողոմ աղայի բարդույթն է. եթե «գիրք» «գրվեց» քո չեղած ներկայության մասին՝ հերոս ես այլեւս, եթե լուսանկար ունես խանձված դաշտում՝ գրեթե սուրբ ես…

Հակամշակութային անդունդը գայթակղության սողանցք է երեւակում, այսինքն՝ քաղաքակրթությունը կարող է «մշակութայնացվել», իսկ մշակույթը՝ «քաղաքակրթվել»: Այս վտանգավոր իրավիճակը հաղթահարելու ելքերից մեկը Տարեգրությունն է, որը սովորաբար հայտնակերպվում է այն ժամանակներում, երբ տեսանելի իրականությունն ու «գաղտնի պատմությունը», անկումն ու վերելքը, հեղափոխությունն ու հակահեղափոխությունը ոչ միայն պրոյեկտում են իրար, այլեւ, որ ամենասոսկալին է, փորձում են փոխարինել իրար: Խաղաղ, հավասարակշռված ժամանակներում տարեգրության պահանջը իսպառ բացակայում է (պաշտոնական վիճակագրությունն ու արձանագրումները տարեգրություն չեն), որովհետեւ մտահոգության տիպ ու ճաշակ ձեւավորելու, արժեքներ փրկել-պահպանելու խնդիր չի ենթադրվում: Ամենակարեւորը՝ աշխարհավերաբերմունքի անատոմիան մուտացիայի վտանգից ազատագրված է լինում:

Հայոց գրականության մեջ մերկ, ինքնին տարեգրությունը ինքնուրույն ներկայություն չէ՝ կամ ձուլվում է բարձր պատմագրությանը, կամ իրականացվում որպես գրականության կառուցվածքային տարրերից մեկը: Մեծ հաշվով, գիր ստեղծելու առիթներից է: Այս տեսակետից նաե՛ւ Տարեգրություն են Ա. Շեկոյանի «Անտիպոեզիա» ու «Երեւան հյուրանոց» բացառիկ արժեք ներկայացնող կոլաժները, Վ. Մարտիրոսյանի «Սողանք» այլաբանական վիպակ-ընդարձակ մետա/մետաֆորը, Ա. Եփրեմյանի «Սահմանների պատերազմ» դեռեւս անտիպ իմացաբանական ծածկագիրը:

Մ.Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը» նույնպես տարեգրության գեղարվեստական տարբերակ է, եւ այս դեպքում եւս կիրառվել է կոլաժի սկզբունքը: Սակայն եթե Ա. Շեկոյանի կոլաժի տեսակը հնարավոր չէ շարունակել, կրկնել, անգամ նմանակել (անփոփոխ արժեք է ու ինքնաբավ ավանդույթ), ապա արձակագրի փորձարկածը կարող է շրջանառվել, լրացվել, ձեւափոխվել: Կարծում եմ՝ Մ. Հարությունյանն անվրեպ է ընտրել այս սկզբունքը, քանի որ հետհեղափոխության իրականությունը (հակամշակութային անդունդը) տրամաբանություն ու ամբողջական նկարագիր չունի, կարող է «հավաքվել» միայն կոլաժի մեջ: Ամեն դեպքում ավանդական ձեւաչափով արձակ գրելն արդեն անիմաստ է (հեղափոխության նման մի բան եղել է), գրի նոր տեսակին հավակնողն էլ դեռ չի հասցնում սահմանադրվել (անմիջապես հաջորդել է հակահեղափոխության նմանվող մի բան): Այս տարօրինակ միջանկյալ իրականության մեջ նախընտրելին տարեգրող-գրառողի պահվածքն է ու տարեգրություն-գրառումը՝ իբրեւ ապաքաղաքականացված գրականության հնարավոր համարժեք արձագանք:

Տարեգրության առանցքային տարբերանշանը «Ես այստե՜ղ եմ»՝ հեղինակի համարձակ ներկայությունն է, որն ինքնին իմաստավոր գրականություն է՝ «թաքնված» տեքստի, ենթիմաստային շերտերի եւ արտատեքստային ներխուժումների շրջանակում Լռության ենթադրվող ընթերցման մշակույթով: Այս տարօրինակ տարեգրության նույնչափ տարօրինակ հիշատակարանը, կարծում եմ, հայտնվել է գրառումների միջնամասում եւ ունի հետեւյալ տեսքը. գրականությունն ու ընկալումային ավանդույթը դադարի մեջ են – «Հիմա ես համ պատմվածք եմ գրում, համ էլ ինքս իմ քննադատն եմ» – ավելի ընդհանուր՝ գրականությունն ապրում է գրապահարան-աննախադեպ գետտոյում…

Տարբերակ հինգերորդ. «Եռանկյան չորրորդ անկյունը» «մինչ այժմ անհայտ ու դեռեւս անորոշ ժանրի ստեղծագործություն» է: Կարող են առաջադրվել նոր տարբերակներ:

Advertisements

About Մեսրոպ Հարությունյան

Արձակագիր, լրագրող: Գրքերը՝ 1. «Բացարձակ սեւ մարմին», պատմվածքներ, Երեւան - 1998 թ 2. «Եռանկյան չորրորդ անկյունը», Երեւան - 2003 3. «Հետհեղափոխությունն իր եզրերով», պատմվածքաշար-վիպակ, Երեւան-2005 4. «Աբկայ. Մեռնելու պարունակները», վեպ, Երեւան - 2007
This entry was posted in Գրական. Bookmark the permalink.

2 Responses to Վաչե Եփրեմյան. Գրականություն ըստ Մեսրոպի

  1. Reblogged this on Նելլի Սահակյան and commented:
    ավելի հաճախ կայցելեմ, հետաքրքիր, շատ նյութեր կան…

  2. Pingback: Գրականագիտություն ըստ Վաչե Եփրեմյանի | mesropharut

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s